armenpress.am: «Երևան ջազ ֆեստը», որը մշտապես իր շուրջն է համախմբում ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ականավոր ջազմենների, սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է լուծել տեխնիկական հարցերը:
«Մենք ցանկանում ենք փառատոնը եզրափակել ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Պայմանավորվածություններ կան մի շարք արտասահմանցի երաժիշտների հետ, սակայն մենք չենք կարող հայտնել նրանց անունները, քանի որ, համավարակով պայմանավորված, ոչ ամեն բան է հստակեցված: Ճապոնիայից, Եվրոպայից երաժիշտների ենք հրավիրել, սակայն նրանք կարող են ժամանել միայն այն դեպքում, եթե բացվեն ճանապարհները, երբ թույլ տան փակ համերգասրահներում միջոցառումներ կազմակերպել: Այդ ժամանակ մենք կարող ենք օրինականացնել պայմանագրերը»,-նշեց Մովսեսյանն ու հավելեց՝ եթե այդ թույլտվությունները չլինեն, ստիպված օնլայն համերգներ կնախաձեռնեն, ինչը այնքան էլ նրա սրտով չէ, քանի որ այդ դեպքում երաժիշտների և հանդիսատեսի հաղորդակցությունբ անմիջական չի լինի:
Նրա համոզմամբ՝ եթե չկա կենդանի շփում, պակասում է էներգետիկան, և ինչ-որ բան ասես կիսատ լինի: Հնարավոր է՝ սպասեն, որ վիրուսը նահանջի, ամեն բան իր տեղն ընկնի, նոր կազմակերպեն լայնածավալ համերգային ծրագրեր:
Խոսելով փառատոնի բացումը Տավուշում անցկացնելու մասին՝ Մովսեսյանը հիշեցրեց՝ առաջին տարին չէ, որ Երևանից դուրս են կազմակերպում միջոցառումը: Փառատոնը մի քանի անգամ իրականացվել է Գյումրիում, հետագայում նաև Շուշիում: «Մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել «Երևան ջազ ֆեստը» Երևանից բացի այլ քաղաքներում և Արցախում անցկացնելը:
Կարևորում ենք, որ մեր մարզերում մշակութային կյանքը զարգանա, ակտիվանա: Իհարկե, Երևանում համերգներն ավելի շատ են: Ըստ իս՝ պետք է մի փոքր վերաբաշխում լինի: Պետք է ավելի շատ համերգներ կազմակերպել սահամանամերձ մարզերում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը:
Ըստ Մովսեսյանի՝ սահմանամեերձ գոտիներից հիմնականում կրակոցների մասին լուրեր ենք լսում, այնինչ պետք է նաև մշակութային իրադարձությունների մասին լուրեր լսենք: