tert.am: Եվրոպական միության դեսպանները սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք նիստին երկարաձգելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատասխանատուների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները, գրում է korrespondent.net կայքը։
«ԵՄ դեսպանները 175 մարդու և 44 իրավաբանական անձի նկատմամբ այցագրի արգելքներ կսահմանեն ու կսառեցնեն ակտիվները, քանի որ Միության կարծիքով՝ դրանք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Երկարաձգումն ինչպես միշտ վեց ամիս կտևի»,- նշել է ուկրաինական «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Եվրամիությունը Ուկրաինայում ռազմական ագրեսիայի համար կես տարով երկարաձգել էր ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։
Իսկ արդեն մեկ ամիս անց ԵՄ-ն կիբերհարձակումների համար սահմանափակող միջոցառումներ էր ձեռնարկել Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիների և մի շարք կառույցների նկատմամբ։ Նշվում է, որ պատժամիջոցները հիմնականում կիրառվել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ տեխնոլոգիական կենտրոնի և չորս քաղաքացու նկատմամբ: