Սեպտեմբերի 4-ին առցանց ձևաչափով տեղի ունեցան Անկախ պետությունների համագործակցութան (ԱՊՀ) անդամների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցությունները՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, ՄԱԿ-ի մարմինների ընտրություններում թեկնածությունների փոխադարձ աջակցությանը և մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի իրականացման հարցերին:
ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց նստաշրջանի համար նախանշված ազգային գերակայությունները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Հայաստանի համար բազմակողմանիության կարևորությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, կլիմայի փոփոխությանը և ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգի շրջանակներում ՀՀ-ում գրանցված ձեռքբերումներին:
Ընդգծվեց ԱՊՀ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունը՝ դիրքորոշումների համադրման և փոխըմբռնման համատեքստում։