armtimes.com: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել:
Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Միջադեպին արձագանքել էր նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ այն ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում՝ այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: Հարգելի՛ լրագրողներ, ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում»,- մասնավորապես նշված էր ոստիկանության հաղորդագրությունում: