civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։
Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։