armenpress.am: Հայաստանում առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը արձանագրել է ծնողների կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման դեպքեր։
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել բոլոր այն տվյալները, որ առաջնահերթություն ունեցողների գրանցման ընթացքում արձանագրվել են։ Ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպք, որոնք հավելյալ ստուգել ենք, օրինակ՝ ազգանունների տարբերության առումով»,- նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում իրենք սերտ համագործակցել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, և բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել են ճշգրտելու ավելի լուրջ հիմքեր՝ մանրակրկիտ նայել են։
ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծեց՝ որոշ դեպքերում պարզվել է, որ գործ են ունեցել 2-րդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Եղել են նաև հատուկենտ դեպքեր, երբ փորձ էր արվել խեղաթյուրել փաստաթղթերը, և այդ հայտերն ուղղակի չեղարկվել են։
Անդրեասյանը կոչ արեց առաջին դասարանցիների ծնողներին, որպեսզի այլևս նման փորձեր չանեն, քանի որ համակարգն աշխատում է շատ հստակ, և հնարավոր է պարզել ցանկացած նման քայլ։