ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:
«Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝ չգալով գիտակցության: Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը:
Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն: Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է:
Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները: Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն: Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է երեխայի նկատմամբ բռնությունը, այդ թվում, եթե դա տեղի է ունեցել ընտանիքում:
Առավել դատապարտելի է այն, երբ բռնությունը գործադրվում է երեխաների նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակի ուժով առավել խոցելի են և ունեն պաշտպանության առավել մեծ կարիք: Բոլորս պետք է գիտակցենք, որ բռնությունն ուղղակիորեն խարխլում է ընտանեկան արժեքները, խաթարում է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, հակասում է երեխայի լավագույն շահի էությանը:
Խիստ մտահոգիչ է այն վիճակը, որ գոյություն ունի Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում: Այդ մարմինները ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման ոլորտում գրեթե չունեն որևէ արդյունավետություն:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար:
Բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի ապահովման գործում առաջնային կարևորություն ունեն համայնքային մակարդակում գործող մարմինները: Խոսքը հատկապես վերաբերում է Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, որոնց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված է երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության հետ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում: