ermenihaber.am: Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին:
Նախօրեին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իտալական ռազմանավի մասնակցությամբ մեկօրյա ծովային ուսումնավարժանքի անցկացման մասին: Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։
Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Կրետե կղզու հարավում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հունական ուժերին պատկանով F-16 կործանիչներ և ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» 4-րդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք արդեն իսկ տեղակայվել են Կիպրոսի Հանրապետությունում:
Այդ թեմայով հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԶՈՒ-ն: Ըստ այդմ` Ֆրանսիան զորավարժություններին կմասնակցի 3 կործանիչով և 1 ֆրեգատով։