tert.am: Մոսկվան ուշադիր հետևում է Թբիլիսիում իրավիճակին և հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում:
Ինչպես հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը, դեպի Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին որոշումը կայացվել է ի պատասխան վրաց ազգայնականների հակառուսական սադրանքի:
«Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Ուշադիր հետևում ենք Վրաստանում իրավիճակին: Բնականաբար, սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի ընդհանուր բարելավմանը, այլ ուղղություններով կանոնավոր չվերթների բացմանը»,- ասել է Լավրովը:
Նախարարը նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսության շուտափույթ վերսկսման հույս է հայտնել։