azatutyun.am: «Եթե պարզվի, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, ապա իրավապահները պաշտոնական քննություն կսկսեն այդ առթիվ», – մեկնաբանելով ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախ, սակայն, հարկավոր է բժիշկներին հնարավորություն ընձեռել՝ պարզելու, թե ինչ է կատարվել, ինչն է դարձել Նավալնու գիտակցության կորստի պատճառը», – նշել է Պեսկովը։
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը: