Մենք ունեցել ենք առնվազն երեք հեռախոսազրույց, որոնք հրապարակվել են, բայց միայն այդ զրույցներով չի իրականացվում հայ-ռուսական դիվանագիտական գերատեսչությունների միջև երկխոսությունը: Մեր օրակարգն այնքան լայն է, և մենք այնքան բան ունենք խոսելու: Մենք ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ, արտգործ նախարարության գերատեսչությունն ունի իր ծավալը, մենք ունենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում համագործակցության բավական մեծ ծավալ։ Այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցների թեմային։
Մնացականյանն ընդգծեց, որ այդ զրույցների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի լայնածավալ հարցեր:
Անդրադառանալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը՝ Մնացականյանը նշեց, որ սխալ ըմբռնում կա, թե հեռախոսազրույցները նվիրված են լինում միայն հանրության շրջանում ուշադրության արժանացած թեմաներին:
«Այն ընկալումը, որ եղել է զարգացում, որը հասարակության ուշադրությունն է գրավել, և մեր զրույցը միայն դրան պետք է նվիրված լինի, սխալ ընկալում է, որովհետև մեր զրույցը բավական ծավալուն է, և շատ կանոնավոր : Ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից խոսելու կարիք ունենանք տարբեր հարցերի շուրջ»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվում են նախկին պատոնյաներ, ովքեր հետախուզման մեջ են կամ անցնում են քրեական գործերով, Մնացականյանը նշեց, որ այս հարցերըը դատակիրավական բնույթի են։
Հարցին, թե արդյոք այդ գործընթացները չեն ազդում հայ- ռուսական հարաբերությունների վրա , նախարարը պատասխանեց, որ հայ- ռուսական հարաբերությունների շրջանակը շատ մեծ է և որոշ հարցերում կարող են նաև խնդիրներ առաջանալ, բայց կոնկրետ այդ հարցերը չեն ազդում հարաբերությունների վրա։
«Ես կարծում եմ, որ այդ հարցադրումը ի սկզբանե հնարավորությւոն չի տալիս ճիշտ պատասխան ձևակերպելու։ Եթե մենք ձևացնենք և ասենք, որ որևէ խնդիր չունենք , կնշանակի, որ որևէ հարաբերություն չունենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ , բայց չունենք խորքային պրոբլեմ, որը ճգնաժամային է՝ նման հարցեր մենք չունենք։ Մեր հարաբերություններն այնքան լայնածավալ են, որ յուրաքանչյուր հարցի մեջ մենք ունենք համապատասխան բանակցային ձևաչափեր և միասին փորձում ենք գտնել լուծումներ»,- հավելեց նախարարը։