armtimes.com: ՀՀ Կառավարությունը մրցույթային կարգով նախատեսում է օտարել Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված պետական սեփականություն 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքն ու 0.067667 հեկտար մակերեսով հողամասը:
Օտարման մրցույթ հայտարարելու որոշումն ընդունվեց այսօրվա նիստում։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ կազմում է 1 մլրդ 294 մլն 90 հազար 800 դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Սա ծրագրով է օտարվում, այսինքն՝ ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաեւ բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:
Այսինքն՝ հստակ նշված է լինելու, թե ինչ կարելի անել շինարարության ընթացքում, ինչ՝ ոչ, դրա մեջ մտնում է նաեւ շենքի հարկայնությունը, նպատակը եւ այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել:
Որոշման համաձայն՝ օտարվող շենքը դասվում է պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետեւաբար դրանց հետ կապված որեւէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով՝ հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։