shantnews.am: ԱՄՆ-ը պետք է կարգավորի իր քաղաքականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի իր անհաջողությունների մասին և ՄԱԿ-ում իրեն խայտառակելը դադարեցնի: Հակառակ դեպքում կմեկուսացվի ավելին, քան հիմա է»,-գրել է նա։
Ըստ Մուսավիի՝ «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ վճռականորեն մերժեց Միացյալ Նահանգների անխոհեմ և ապարդյուն փորձը ՝ խաթարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդը մերժել է զենքի էմբարգոն երկարաձգելու ամերիկյան բանաձևը: Իրանի նկատմամբ զենքի ներկրման սահմանափակումները, միջուկային գործարքի պայմանների համաձայն, լրանում են հոկտեմբերի 18-ին:
Ամերիկյան փաստաթուղթը չի ընդունվել, քանի որ շատ երկրներ ձեռնպահ են մնացել, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին դրան: