Բեյրութում ցուցարարների մի խումբ լիբանանյան բանակի պաշտոնաթող սպաների գլխավորությամբ ներխուժել է Բեյրութի կենտրոնում գտնվող արտաքին գործերի նախարարության շենք և այն հայտարարել «հեղափոխության շտաբ»: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը։
Ցուցարարները նաև այրել են Նախագահ Միշել Աունի դիմանկարը:
«Մենք մնում ենք այստեղ: Մենք կոչ ենք անում լիբանանյան ժողովրդին գրավել բոլոր նախարարությունների շենքերը»,-բարձրախոսով հայտարարել է ցուցարարներից մեկը:
Լիբանանի Կարմիր խաչը հայտնում է, որ առնվազն 32 ցուցարար տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ: Ավելի քան 110 հոգի բուժօգնություն է ստանում դեպքի վայրում` Նահատակաց հրապարակում:
Ցուցարարների մի խումբ էլ գրավել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էկոնոմիկայի նախարարության աշխատասենյակները՝ այնտեղից դուրս նետելով փաստաթղթեր և նախագահ Միշել Աունի նկարը։