Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։
Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։
Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։
Նախարար Հակոբ Արշակյանը խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։
«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։
Վիկտորիա Պողոսյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
07.03.1982թ., ք. Երևան
Կրթություն
1998-2003թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մագիստրոսի աստիճան, Ֆինանսներ և ապահովագրութուն ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
02․2020 – 06.2020թթ. – ՀՀ ԲՏԱ նախարարություն, Ծրագրերի կառավարման վարչության պետ
01.2020 – 02.2020թթ. – ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՏՏ կրթության նախագծերի փորձագետ
11.2018 – 12.2019թթ. – «Դիջիթեյն» ՍՊԸ, գործառնական տնօրենի տեղակալ կոմերցիոն գծով
03.2016 – 11.2018 թթ. – «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, Հատուկ նախագծերի ղեկավար
08.2013 – 03.2016թթ. – INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի մենեջեր
08.2012 – 08.2013թթ. – INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի մենեջերի տեղակալ
01.2012 – 08.2012թթ. – «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար
06.2011 – 01.2012 թթ. – «Գրանդ Սպորտ» կենտրոն – հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար/ գործադիր տնօրենի տեղակալ
11.2010 – 06.2011թթ. -«ԱՅԲ» կրթական հիմնադրամ, հասարակայնության հետ կապերի համակարգող
05.2008 – 05.2009թթ. – «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, հասարակայնության հետ կապերի և մարքետինգի մենեջեր
02.2006-05.2209թթ. – «Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ, գործադիր տնօրենի օգնական
01.2005-07.2007թթ. – EBRD TAM-BAS fashion umbrella brand զարգացման նախագիծ, մարքեթինգի խորհրդատու
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ: