azatutyun.am: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է ԱՄՆ-ում տեղակայված ընդդիմադիր կառույցներից մեկի՝ «Իրանի միապետական համաժողովի» ղեկավար Ջամշիդ Շարմադի ձերբակալության մասին։ Այս կառույցը, որ հայտնի է նաև «Թոնդար» (Ամպրոպ) անվամբ, հանդես է գալիս Իրանի տարածքում միապետական կարգերի վերականգնման օգտին։
Իրանի իշխանությունները կազմակերպությանը մեղադրում են պայքարի ահաբեկչական մեթոդներ կիրառելու համար՝ մասնավորաբար պնդելով, որ հենց «Թոնդարի» զինյալներն էին պատասխանատու 2008 թվականին Շիրազ քաղաքում գտնվող մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի համար։ Դրա հետևանքով չորս մարդ զոհվել էր, ևս 215-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։
Թեհրանում նաև չեն հստակեցնում, թե ինչպես է Իրանի անվտանգության նախարարությանը հաջողվել ձերբակալել ԱՄՆ տարածքում բնակվող Շարմադին։