factor.am: Եվրախորհուրդը թարմացրել է ԵՄ անդամ չհանդիսացող այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են շենգենյան գոտու տարածք մուտք գործել։ Ընդգրկված են այն երկրները, որտեղ կորոնավիրուսային վարակի տարածման տեմպը համեմատաբար նվազել է։
Հայաստանը, որտեղ COVID-19-ի 38 հազարից ավելի դեպք կա, ցանկում ներառված չէ։ Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիներին առայժմ չի թույլատրվի շենգենյան գոտու երկրներ այցելել։ Եվրամիության «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն հարևան Վրաստանը։
Այսպես, թարմացված ցուցակի համաձայն՝ ԵՄ տարածք կարող են մուտք գործել Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի քաղաքացիները։ Փոխադարձ համաձայնության առկայության դեպքում՝ ԵՄ տարածք կարող են մուտք գործել նաև Չինաստանի քաղաքացները։
«Անվտանգ» երկրների ցանկից հանվել են Սերբիան և Մոնտենեգրոն, որտեղ վերջերս COVID-19-ի նոր բռնկում է։ Նշվում է, որ երկրների ցանկը 2 շաբաթը մեկ անգամ վերանայվելու է՝ պայմանավորված երկրներում կորոնավիրուսի տարածմամբ։