tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի նահանգում գտնվող աշխարհի ամենահին ուղղափառ մենաստաններից մեկի` Սումելայի վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:
«Թուրքիայում շատ կան համաշխարհային նշանակության խոշոր մշակութային օբյեկտներ: Սումելայի մենաստանը մեր երկրի խորհրդանիշներից մեկն է: Այստեղ շատ քաղաքակրթությունների հետքեր են մնացել: Մենք տարիներով աշխատանքներ ենք տանում, որպեսզի պահպանենք մենաստանը: Մենք երբեք չենք ձգտել ոչնչացնել այս օբյեկտները, ընդհակառակը` ջանացել ենք պահպանել դրանք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա հավելել է, որ հաշվի առնելով «Թուրքիայի հոգատար վերաբերմունքն» այլ կրոնների օբյեկտների նկատմամբ՝ «ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի» բողոքելու՝ նկատի ունենալով Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու փաստը:
«Եթե մենք ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին: Այն, որ մենք վերականգնում ենք նման օբյեկտները, ապացուցում է, որ պաշտպանում ենք քաղաքակրթական արժեքները: Արդեն օգոստոսի 15-ին մեր ուղղափառ քաղաքացիների համար ծառայություն կմատուցվի Սումելայում»,-ասել է թուրք առաջնորդը: