Ինչո՞ւ է տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը ձգտում լինել ֆիզիկապես ավելի լավ վիճակում գտնվող դպրոցի տնօրենի ԺՊ. 180 դպրոցի տնօրենի թեկնածու

Դեռեւս 2019 թվականի նոյեմբերին անդրադարձել էինք Երեւանի թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրությանը, որն անցել էր մի շարք խախտումներով ու չեղյալ հայտարարվել։ 2019 թվականի սեպտեմբերից մինչ սույն թվականի հուլիսի 21-ը՝ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ամալյա Մաթոսյանը։ Սակայն հուլիսի 21-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է որոշում, որով Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հայկ Բախչինյանը, որը 1 տարի եւ 6 ամիս է՝ ինչ այդ պաշտոնին էր (2019 թվականի փետրվարից), նշանակվել է թիվ 180 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ սեփական դիմումի համաձայն։ Քաղաքապետի՝ հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ էլ թիվ 124 դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Արմինե Աթաբեկյանը՝ մինչեւ սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը կզբաղեցներ կայն:

Վերոնշյալ փոփոխությունների հնարավոր նպատակների եւ նշանակումների ողջամտության մասին զրուցել ենք Երեւանի թիվ 180 դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի, դպրոցի տնօրենի թեկնածու Մարգարիտ Խաչատրյանի հետ։

– Տիկի՛ն Խաչատրյան, խնդրում եմ ներկայացրե՞ք դպրոցում ստեղծված իրավիճակի նախապատմությունը:

– Նախապատմությունը հետեւյալն է․ նոյեմբերի մեկին կայացավ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթը։ Ի թիվս 9 հավակնորդների՝ թեկնածուներից մեկն էլ ես էի։ Դպրոցի աշխատակիցներից միայն ես էի թեկնածուների շարքում։ Մրցույթին նախորդող մեկ տարում խոսվում էր մեկ հավակնորդի հնարավոր ընտրության մասին, որն էլ փաստացի այդ օրն ընտրվեց։ Պարզ է, թե ինչ է տեղի ունեցել․ վարչական շրջանի ղեկավարի հետ ազգակցական կապ եւ այլն։

Արդյունքում՝ մրցույթը չեղարկվեց։ Դպրոցի խորհրդի կազմի վերաբերյալ նույնպես ինչ-որ խնդիր կար, ես ինքս բողոքարկել էի մրցույթի արդյունքները։ Այսպես ասած «հաղթողը» սկզբում դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան,  հետո՝ Վերաքննիչ դատարան, սակայն ոչ մի ատյանում իր բողոքը վարույթ չէր ընդունվել։ Ի վերջո, մարտի 25-ին Վարչական դատարանը վարույթ է ընդունել, հիմա  այն ընթացքի մեջ է, հաջորդ նիստը սեպտեմբերի 29-ին է տեղի ունենալու։ Քանի որ գործը դատարանում է, մարտի 17-ին տեղի ունենալիք երկրորդ մրցույթը կասեցվել է։ Բայց 17-ը արտակարգ դրության առաջին օրն էր, եւ եթե այդպես չլիներ, մրցույթը կայացած կլիներ, բայց այս պահին ունենք կասեցված մրցույթ, որին պետք է մասնակցեին 10 թեկնածու, որոնցից միայն ես եմ աշխատում այդ դպրոցում։ Այս անգամ թեկնածուներին մեկ հոգի է ավելացել, միգուցե կանխակալ վերաբերմունք արտահայտեմ, բայց կարծում եմ՝ այդ մարդն իմացել է, որ առաջին մրցույթում հաղթած թեկնածուն է հաղթելու։ Մինչեւ մրցույթը՝ նման խոսակցություններ կային։

– Ի՞նչ կարծիքի եք այս պահին առկա իրավիճակի եւ նոր նշանակումների  մասին։ 

– Նախորդ տարվա սեպտեմբերից դպրոցը ղեկավարում է պաշտոնակատարը՝ դպրոցի ուսումնական գծով տեղակալը։ Ամեն ինչ նորմալ է եղել այդ ընթացքում, բայց հիմա նա հրաժարվել է պաշտոնակատարի գործառույթներն իրականացնել, որ մնա միայն ուսմասվար։ Ես՝ որպես դպրոցի աշխատող, դիմում եմ ներկայացրել, որ դիտարկեն նաեւ իմ թեկնածությունը՝ որպես պաշտոնակատար։ Նախորդ պատասխանումս նշված 10-րդ թեկնածուն նույն համայնքում գործող տնօրեն է, բայց մարդն ուզում էր փոխել դպրոցը։ Նա Ավանի 124 դպրոցի տնօրենն է եւ այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա փետրվարին։ Երբ ես դիմեցի ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար, պարզվեց, որ ինքը նույնպես դիմել է։ Մեր՝ այդ պահին աշխատող պաշտոնակատարին մինչեւ ամսի 22-ը չեն ասում, որ ինչ-որ որոշում է կայացվել, ամսի 23-ին բերում ներկայացնում են նոր պաշտոնակատարին՝ նույն ինքը թիվ 124 դպրոցի՝ բառացիորեն նախորդ օրվա տնօրենին, քանի որ 22-ին իրեն ազատում են թիվ 124 դպրոցի տնօրենի պաշտոնից եւ նույն օրը նշանակում մեզ մոտ։ Իմ դիմումին ի պատասխան՝ հայտնել են, որ արդեն նշանակված է պաշտոնակատար։ 

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ նոր ուսումնական տարվա նախաշեմին տնօրենի պաշտոնակատար են նշանակել մեկին, որը դպրոցի հետ առնչություն չունի եւ տեղափոխվել է այլ դպրոցից:

– Ես դիմումիս մեջ նշել եմ, որ 10 տարի է՝ աշխատում եմ այդ դպրոցում, դպրոցի ամբողջ անձնակազմի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, ճանաչում եմ գրեթե բոլոր աշակերտներին եւ ծնողներին, գիտեմ խոցելի խմբերի խնդիրները, բացի այդ՝ անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ։ Այսինքն՝ ոչ մի բանը չի գնահատվում։ Բացի այն բանից, որ բացարձակ անծանոթ մարդ է գալիս մեզ հետ աշխատելու եւ համավարակի պայմաններում հնարավոր է, որ ուսուցումը կրկին իրականացվի հեռավար, բնականաբար, անծանոթ անձնակազմի հետ ինքը չի կարողանալու այդ խնդիրները լուծել։ Հիմա, ստացվում է նաեւ, որ մի դպրոց էլ է մնում պաշտոնակատարի հույսին, եւս մեկ մրցույթ է սպասվում՝ դարձյալ իր խայտառակ հետեւանքներով։ Քանի որ ուսուցիչները արձակուրդում են, մանկավարժական խորհրդի նիստ չի եղել, եւ նոր պաշտոնակատարի նշանկվելու մասին մենք իմացել ենք մեր Viber-ի նամակագրությունում, որում նույնիսկ մի քանի աշխատակցիներ չկան։ 

Տեղյակ եմ նաեւ, որ ավագանու անդամներից մի քանիսը հարցում են ուղարկել քաղաքապետին, որպեսզի հասկանան այս ամենի պատճառները։ Պետք է տնօրենի պաշտոնից հրաժարվելու համար էլ բավարար պատճառներ նշվեն, թե ինչու է տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը ձգտում լինել, օրինակ, ֆիզիկապես ավելի լավ վիճակում գտնվող դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով