Չենք կարող անտեսել, որ 2016 թվականի ապրիլից հետո 2-րդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա է խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կոչը՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությւոնից։ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհը իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա, բայց և այնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր խոսքում մասնավորապես ընդգծեց․
«Մեր դիրքորոշումները արտահայտվում են հետևյալով՝
1․ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին՝ համապատասխան, նոր բովանդակություն հաղորդելը։
2․ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
3․ Արբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։
4․ Բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է՝ իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցությունները իմաստ ունեն, եթե Ադրբեջանը ետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ լինի փոխզիջման։ Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում։
5․ Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնաչկությանն ու ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ։ Արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին, Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, բնապահպանական, տնտեսական, տեղաշարժի և այլ իրավունքներ։ Այն մոտեցումը, որը այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո՝ ընդունելի չեն։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։
6․ Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը՝ փաստացի խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե ե՞րբ և ո՞ր կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը տարածաշրջանում ունի տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայություննը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում։ Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։
7․ Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ՝ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը։
Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, հուլիսյնան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում՝ մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել։ Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական պոտենցյալը զարգացնելու ուղղությամբ։ Մենք կհաղթենք, որովհտեև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»։