Կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած․ Հայոց բանակը ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես գիտեք, սույն թվականի հուլիս 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր ելույթում նշեց․

«Ադրբեջանական կողմը կրել է  բազմաթիվ կորուստներ, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն էր։ Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար։ Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ։ Նախ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա  և ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետը, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են։

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար, այն, թե Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չխոսել մեզ հետ ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում  ուժերի իրական հարաբերակցությունը։ Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը , այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը։

Հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ Զինված ուժերը, Հայոց բանակը,  ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն։ Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց, իր այս կարգավիճակը։ Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և զինված ուժերին։

Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին՝ իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և  սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցները այս օերրին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն։ Սիրելի հայրենակիցներ անցած օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք, մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա Զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։

Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լիենլու՝ Ադրբեջանի էությունը։ Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները և նրանց երկրները։ Այս տեսակտից հատկապես արդյունավետ էր ՌԴ-ի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի , այնպես էլ Զինված ուժերի գլխավոր շտաբերի մակարդակով։ Միակ երկիրը, որը  փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քարոզչությունը, որը արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարցմամբ։ Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվությանը աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա , բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ ՝մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով