ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել էր ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի ՍԴ, ապա ինքը 5-օրյա ժամկետում կստորագրի այն:
Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Հունիսի 30-ին ԱԺ-ում ընդունված և այսօր ԱԺ նախագահի ստորագրած փաթեթով նախատեսվում են ՍԴ դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ, ինչպես նաև ՍԴ երեք դատավորների կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ: