Այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե որ ավտոճանապարհներն են ներկա պահին անվտանգ։
Ըստ մարզպետի հաղորդման՝ Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, սակայն անցանելի:
«Այս օրերին մեր կողմից հատուկ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Անցակետեր են դրված բոլոր 3 ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ հատվածներում: Այդ անցակետերի նպատակն է նաև ճանապարհի անվտանգության ապահովումը, որ եթե լինեն որոշակի սրացումներ, թույլ չտանք երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր ճանապարհներով երթևեկություն կա, ներկա պահին որևէ վտանգ չկա, սակայն խորհուրդ կտամ հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից», – ասաց մարզպետը։