Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են, քանի որ հանգստյան օրեր են: Մեր տեղեկություններով, ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Չնայած, մենք ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Վերջինս կոչ անեց, և հորդորեց ուսումնական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից:
«Մենք ասել ենք, որ վերջին զանգը մեր շրջանավարտների համար շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում կնշենք այդ օրը: Բայց հիմա պետք է զերծ մնալ ու խստագույնս պահպանել պարերատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա դնել այդ պատասխանատվությունը: Վարչապետը մասնավորապես շեշտեց․
«Հետագայում, երբ մենք տեղեկատվությունը կհավաքենք, թե որտեղ ու ովքեր են նման միջոցառումներ իրականացրել կանոնների խախտմամբ, դա պետք է որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»:
ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ սրբավայրերի մոտ նույնպես հսկայական կուտաումներ են լինում, մասնավորապես Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռում։
«Սոցիալական ցանցերում և մամուլում այդ լուսանկաները կան, և ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը այստեղ նույնպես հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ»,- ասաց նախարարը։
Ոստիկանապետը նշեց, որ երեք օր առաջ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավների, խնջույքների և առհասարակ, մասսայական միջոցառումների կազմակերպումից։
«Այսօր ևս հանդես ենք եկել հայտարարությամբ։ Մենք փորձել ենք եկեղեցու միջոցով ճշտել ուխտագնացությանն վայրերը և այն հստակ օրերը , երբ քաղաքացիները իրականացնում են ուխտագնացություններ։ Համացանցում գրանցված «event»-ներին նույնպես անդրադարձել ենք, որոնք եղել են քայլարշավներ։ Այն վայրերում, որտեղ մենք հնարավոր է տեղի ունենան նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ նախատեսված է, որ կլինեն վերակարգեր, որոնք իրավական գնահատական կտան կազմակերպիչների և այցելուների գործողություններին»,- եզրափակեց ոստիկանապետը։