fip.am: Ազգային ժողովում հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ ելույթ էր ունեցել նաև Ծառուկյանը։
Ի թիվս այլ հայտարարությունների, Ծառուկյանը իշխանություններին մեղադրել էր ներդրումային ծրագրերի հանդեպ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու մեջ։ «Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք, որ 1 տոկոսով, 10 տարով, առաջին երկու տարին մայր գումար չվճարելու պայմանով, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, որ տնտեսական հեղափոխություն լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ներդրումային ծրագրի մասին էր խոսքը և ի՞նչն էր խոչընդոտել դրա իրականացմանը։
Խոշոր ներդրումն ու օրենքը՝ հակասության մեջ
Կառավարությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում հիշատակված ներդրումների համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք։ Իսկ պետական երաշխիքը համարվում է պետական (այս դեպքում՝ կառավարության․ — խմբ․) պարտքի բաղկացուցիչ։
«Պետական պարտքի» մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Ներդրումային ծրագրերը համարվում են կառավարության պարտք։
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի սահմանային շեմ է սահմանված ՀՆԱ-ի 60 տոկոսը։
Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ՝ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։
Սակայն տեսնենք, թե ինչ կլիներ, եթե կառավարությունը հավանություն տար այս ծրագրին։ Այդ դեպքում․
- 20 մլրդ դոլարի պետական երաշխիքի տրամադրման դեպքում կառավարության պարտքը կդառնար 20+6․8=26․8 մլրդ դոլար։ Տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։
- Այս ներդրումների (փոխառությունների) սպասարկման և մարման գծով որևէ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանց սպասարկման և մարման բեռն ուղղակիորեն ընկնելու էր պետական բյուջեի վրա:
- Կսահմանափակվեին պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման հնարավորությունները, և վտանգի տակ կհայտնվեին ընթացիկ ներդրումային վարկային ծրագրերը:
- Ցանկացած անցանկալի զարգացման պարագայում պարտքի հետագա սպասարկումն իրականացվելու էր հարկատուների հաշվին։
Շարունակությունը՝ fip.am-ում։