ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցման մասին:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:
Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջեւ հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին:
Այն հակասում է նաեւ երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:
Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական եւ երիտասարդական լայն շրջանակներ, ձեւավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:
Արժեւորելով եւ քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:
Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները: