Նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցը շարունակել է Մեղրի համայնքում` մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթանալով ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Ծրագրով նախատեսվում է Մեղրիում հիմնել 4178 քմ ընդհանուր մակերեսով համայնքային զբոսայգի` նորակառույց հետիոտնային ուղիներով և էլեկտրախնայող ժամանակակից լուծումներով լուսավորությամբ:
Նախարարն այցելել է այգու շինհրապարակ, պատասխանատուների հետ զրուցել աշխատանքների իրականացման, ոռոգման համակարգի անհրաժեշտության հարցերի շուրջ: Սուրեն Պապիկյանն իր դժգոհությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից և հանձնարարել է դրանք ավարտել սահմանված ժամկետներում` միևնույն ժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով որակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետի հետ` մշտական վերահսոկողություն սահմանել այգու կառուցման աշխատանքների նկատմամբ:
Մեղրիում ընթացքի մեջ են համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ներկայումս կատարվում են նոր հենապատերի կառուցման և հների ամրացման աշխատանքներ: Նախատեսվում է, որ համայնքը կունենա ժամանակակից և բարեկարգ նախակրթարան`12 խմբասենյակով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, կարևորել հնարավորինս շուտ նախակրթարանի շահագործման հանգամանքը:
Մարզերում բարեկարգ նախակրթարաններ ունենալը կառավարության առաջնահերթություններից է, և այս առումով ևս կարևորվել է աշխատանքների’ սահմանված ժամկետներում և որակյալ իրականացումը: Մանկապարտեզի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 94 մլն դրամ, որից 61 մլն-ը սուբվենցիոն ծրագրով պետբյուջեից հատկացված միջոցներն են, 33 մլն-ը` համայնքի համաֆինանսավորումը: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներում իր ներդրումն ունի նաև Իմ Քայլը» հիմնադրամի, որի աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ` հնարավորություն տալով մանկապարտեզին խնայել էլէներգիա և թեթևացնել համայնքային բյուջեի բեռը։
Մեղրիում նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև սուբվեցիոն ծրագրով բարեկարգված Մեղրի համայնքի ավտոկայանատեղիի և գյուղատնտեսական շուկայի տարածքում, հետաքրքրվել դրանց շահագործման ժամկետներով:
Նախարարը նշել է, որ շուկայի վերանորոգման աշխատանքերը պետք էր այնպես կազմակերպել, որ գյուղացիներն արդեն հնարավորություն ունենային օգտվել իրենց գյուղմթերքը վաճառելու բարեկեցիկ պայաններից և հանձնարարել է հնարավորինս շուտ շուկան շահագործել:
Սուրեն Պապիկյանը մարզպետի հետ զրույցում կարևորել է համայնք-կառավարություն համագործակցության ձևաչափով համայնքային խնդիրների լուծման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ շեշտել է դրանց սահմանված ժամկետներում և որակյալ իրականացնելու անհրաժեշտությունը:
Նշված ծրագրերի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: