ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ քրեական ոստիկանությունից ստացված ինչ-որ զանգի վկայակոչմամբ նշվել է, թե դատախազը հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը», շտապել է իր մտահոգությունը հայտնել, իբր, այլակարծությունը Հայաստանում արդեն քրեական գործերով դատապարտվելու կապակցությամբ։
Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Այսինքն հոդվածի հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու հանձնարարություն չի տրվել և չէր կարող տրվել, քանի որ ուղղակի անհեթեթություն և մասնագիտական անգրագիտություն է հանցագործության հատկանիշների ստուգման փուլում որևէ մեկի քրեական պատասխանատվության հարցի առաջադրումն ընդհանրապես:
Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունը պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «…իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից…»:
Ո՛չ առաջին և ո՛չ էլ, վստահաբար, վերջին օրինակն է, երբ որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակման կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից հետաքննության մարմնին տրվում է դրանում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունն ստուգելու հանձնարարություն:
Իսկ իրեն մասնագիտական հասարակական նախաձեռնություն համարող «Մեդիա պաշտպանին» հորդորում եմ նախքան որևէ հարցով միակողմանի անհիմն մտահոգություններ հայտնելը, հայտարարություն տարածելը և չեղած քրեական գործերի վկայակոչմամբ փաստերը խեղաթյուրելը նախևառաջ փորձել նաև պաշտոնական աղբյոււրներից ստուգել հրապարակման մեջ նշված հանգամանքների իսկությունը»: