armtimes.com: «ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, որի պատճառով այս նիստերը ձգձգվում են․ դա Հատուկ քննչական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան»։
Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ պնդելով, որ մեղադրանքն այնքան թերությունն ունի, որ այսքան քննարկելուց հետո էլ դեռ տասը տոկոսը չեն սպառել։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մինչ հետաձգումը մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին պաշտպանների կողմից շարունակ միջնորդություններ ներկայացնելն ու նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն դատարանից, ինչ որոշում կկայացնի այս միջնորդության վերաբերյալ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Դատավորից որեւիցե ակնկալիք չունեք՝ ոչ դրական, ոչ բացասական, դատավորից հասնում է արդարադատություն իրականացնելը»։ Ինչ վերաբերում է գործի թերություններին, ըստ պաշտպանի՝ իրավական թերությունները հիմա են քննարկում, փաստական թերությունները կքննարկեն, երբ կանցնեն դատաքննության։
Հարցին՝ գործում կա՞ն բաներ, որոնց հրապարակումից իրենք վախենում են, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Գործի նյութերը նախաքննության ավարտից հետո գաղտնիությամբ չեն պահպանվում, որեւէ անձ, որը մտածում է, որ այդ նյութերը մեզ կարող են մտահոգել, կարող է դրանք հրապարակել, բայց իհարկե, այդ հրապարակումներին հետեւելու են ամբողջական հրապարակումներ, որովհետեւ դրանք սովորաբար հրապարակվում են կոնտեքստից կտրված»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք պատրաստ են դրանց հրապարակմանը։