armtimes.com: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ ավիացիայի ոլորտում տարիներ շարունակ եղել են թերացումներ, այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Ավինյանն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին, թե ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել մեր Քաղավիացիայում, եւ մայիսի 12-ից 14-ը քննարկվելու է սեւ ցուցակում հայտնվելու հարցը:
Ավինյանը տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեն մայիսի 12-ին ներկայացնելու է իր առարկությունները, դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո ՀՀ իշխանությունները կանեն որոշակի հետեւություններ: Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ այս ամենը կոմիտեի զարգացման տեսանկյունից դրական դեր է խաղալու:
«Այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ ամսի 12-ի որոշումից: Որեւէ վնաս մենք չենք կարող սրա հետ կապված կրել»,- հավելեց Ավինյանը: