ermenihaber.am: Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք նշում են արել բնակիչներից մեկի տան պատին: Բնակարանի դռան վրա արված նշումից պարզ է, որ այն Դավթի խաչն է, իսկ խաչի ներսում արված թուրքերեն գրառումը թարգմանաբար նշանակում է «ուշադի՛ր Իսրայել»:
Սամաթիայի բնակիչներն անհանգստացած են այդ նշումներից, քանի որ ավելի վաղ թաղամասի հայ բնակիչներից մեկի տան վրա խաչ էր գծվել և «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել, որից հետո անհայտ անձինք ներխուժել էին հայ կնոջ բնակարան, դանակահարել նրան և փախչել` ասելով «սա դեռ սկիզբն է»:
Չնայած բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը չի ներկայացել դեպքի վայր և արձանագրություն չի կազմել:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ ազգություն ունի այդ տան տեր հանդիսացող քաղաքացին, սակայն չի բացառվում, որ նա հրեա լինի:
Շենքի բնակիչներից մեկը թուրքական աղբյուրին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել` ընկերների հետ հանդիպելու, սակայն այդ ժամանակ բնակարանի դռան վրա նշան չի եղել:
«Կեսգիշերն անց, երբ վերադարձա տուն, տեսա այդ նշանը: Շուրջ 7 տարի է այս թաղամասում եմ բնակվում և ոչ մի անգամ նման դեպք չէր պատահել: Հարևաններիս հետ էլ հարաբերությունները բավականին լավ են»,-հայտնել է նա:
Բնակիչը նշել է, որ դեպքի առթիվ դիմելու է դատախազությանը, քանի որ ոստիկանությունը չի արձագանքել:
Քաղաքացու խոսքով` իրենց թաղամասի բնակիչները տարբեր մշակույթի և տարբեր ինքնության կրողներ են և մտավախություն է հայտնել նախորդ շաբաթ հայ կնոջ դանակահարության դեպքի առնչությամբ: