civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր:
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», – ասել է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:
Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում․ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», – ասել է Լավրովը: