news.am: Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները:
«Ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իր տեսակետն արտահայտել: Չեմ թաքցնի, մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հեղինակություն ունեն, կշիռ ունեն, խոսուն է նաև այն փաստը, որ նախկին նախագահ է , հետևաբար այդ մարդկանց դիրքորոշումը էլ ավելի մեծ ուշադրության է արժանի:
Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովին եւ պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել հանձնաժողով եւ չի ներկայացրել իր ունեցած տեղեկատվությունը»: