news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձարարությամբ: Այս մասին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , արձանագրել է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: