tert.am: Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, նրանցից 2-ը ռիսկային խմբում են։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։
«Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Ռիսկային խմբում գտնվողներից մեկը ունի խրոնիկ հիվանդություններ, այս պահին այդ քաղաքացու մոտ ախտորոշված է երկկողմանի թոքաբորբ, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասաց նա։
ԱՀ առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 5 քաղաքացիներից 3-ը բուժում են ստանում Արցախում, 2-ը՝ Հայաստանում։
«Համագործակցությունը շատ սերտ է Հայաստանի առողջապահության նախարարության հետ։ Կորոնավիրուսի ի հայտ գալու հենց առաջին օրերից, կարելի է ասել, համագործակցությունը 24-ժամյա է։ Բոլոր փորձանմուշները մինչ այս պահը ուղարկվում են ՀՀ և պատասխանները լինելուն պես մեզ օպերատիվ տեղեկություն են հայտնում»,- նշեց Արայիկ Բաղրյանը։
Նրա խոսքով՝ Արցախից Հայաստան է ուղարկվել 45 թեստ, որից 5-ն է դրական եղել։ Եվ ևս 9 փորձանմուշներ ուղարկվել են այսօրվա ընթացքում։
«Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ թե իրազեկման, թե ախտահանման ձևով»,- ասաց ԱՀ առողջապահության նախարարը։
Ինչ վերաբերում է ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման նպատակահարմարության, բնակիչների անվտանգության ապահովմանը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը նշեց․
«Նախարարությունը լծված է իր աշխատանքին, որպեսզի հնարավորինս կանխարգելի տարածումը։ Այդ պատճառով բոլոր ընտրողներին ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում տրամադրվելու են անհատական պաշտպանիչ միջոցներ։ Բոլոր ընտրատեղամասերում առողջապահության համակարգի և համայնքների վարչակազմերի օգնությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում և երկրորդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են էլ ավելի խստացված»։
Շարունակությունը՝ tert.am-ում։