pastinfo.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ասաց Պողոսյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Պողոսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել էր: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաեւ պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդությունը:
Փաստաբանը հայտնեց, որ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` այն որակելով ակնհայտ ապօրինի:
Հարցին, թե արդյո՞ք Պողոսյանն այս ընթացքում քննչական գործողությունների մասնակցել է և արդյո՞ք եղել են առերեսումներ, փաստաբանը պատասխանեց, որ դա քննչական գաղտնիք է և չի կարող տեղեկատվություն տրամադրել:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Ավելին՝pastinfo.am-ում