Այսօր “Armdaily” լրատվականը հրապարակել է «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը» վերտառությամբ հոդված։ Հղում կատարելով WCVB ալիքին՝ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19 վիրուսի ենթադրյալ ստեղծողը, որը Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերերին է, և որ նա այն վաճառել է Չինաստանին։ Նշվում է նաև, որ սկսվել է նոր կորոնավիրուսի ի հայտ գալու եւ տարածման գործով հետաքննությունը։
Նախ նշենք, որ հոդվածում տեղադրված տեսանյութի ընթացքում ընդհանրապես չի խոսվում կորոնավիրուսի մասին։
Չարլզ Լիբերին, ով Հարվարդի համալսարանի «Լիբեր» հետազոտական խմբի առաջատար հետաքննողն է եղել, ձերբակալվել է դեռևս 2020 թվականի հունվարին։ Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ դոկտոր Լիբերը մեղադրվում է կեղծ հայտարարություն անելու և Չինաստանի Ուհանի համալսարանի հետ համագործակցությունը ԱՄՆ իշխանություններից թաքցնելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա կորոնավիրուսի մասին, իսկ դոկտոր Լիբերի կողմից կեղծ հայտարարություն անելը վերաբերում է 2018 թվականի ապրիլին։
Դոկտոր Չարլզ Լիբերի՝ կորոնավիրուսի «ստեղծող» լինելու մասին կեղծ լուրերը Twitter-ում մի շարք օգտատերերի կողմից տարածվել էին դեռևս 2020 թվականի փետրվարից։
Այսպիսով, “Armdaily” լրատվականի հրապարակումը կորոնավիրուսը ստեղծողի ձերբակալման մասին ապատեղեկատվություն է։
Հրապարակումից 2 ժամ անց “Armdaily”-ն հրապարակել է նաև վերոնշյալ հոդվածի հերքումը։
Ապատեղեկատվությունը՝ նույն բովանդակությամբ, շարունակվում է տարածվել նաև irakanum.am-ի կողմից։