COVID-19. Մահացության ցուցանիշը Եվրոպայում ամենաբարձրն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 743 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 35 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 157 հազար 72: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում  թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 145 հազար 99 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը կազմում է 2 հազար 606: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97 հազար 689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10 հազար 779 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 85 հազար 195 է: Գրանցվել է 5 հազար 85 նոր դեպք: Մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 340 է:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 470 է: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 63 հազար 929 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 560:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 40 հազար 174 է: Ընդհանուր առմամբ մահացել է 2 հազար 606 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 522 է, Շվեյցարիայում՝ 15 հազար 526:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 100 դեպք կա, Ռուսաստանում` 1836, Թուրքիայում 9 հազար 217:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Կորոնավիրուսի դրական ախտորոշումից և մեղմ ախտանշաններ ունենալուց հետո 71-ամյա արքայազնը 7 օր ինքնամեկուսացել էր: Դքսուհու թեստի պատասխանը բացասական էր եղել, բայց նա ևս ինքնամեկուսացել էր մինչև շաբաթվա վերջ: Պալատական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ արքայազնի առողջությունը լավ է և հետևում է կառավարության սահմանափակումներին: «Քլարենս հաուս»-ն այսօր հաստատել է, որ իր բժշկի հետ խորհրդակցելուց հետո, այքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից»,-ասել է խոսնակը: Մեծ Բրիտանիայի կառավարության ցուցումների համաձայն ՝ ախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է յոթ օր ինքնամեկուսացվի, մինչդեռ այդ ընտանիքում ապրող յուրաքանչյուր ոք պետք է ինքնամեկուսացվի երկու շաբաթ:

Մադրիդում սուգ է հայտարարվել

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Կխոնարհվեն պետական հաստատությունների վրա տեղադրված Մադրիդ համայնքի դրոշները, ամեն օր ժամը 12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»,-նշում է դեսպանությունը:

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը դարձնել 1000 եվրո

Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի: Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:

Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:

Ավստրալիան 80 մլրդ դոլար կհատկացնի աշխատողներին աջակցելու համար

Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են 130 մլրդ ավստրալական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում: Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Նրա խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան 1500-ական ավստրալական դոլար (շուրջ 920 ԱՄՆ դոլար) ամեն ամիս կես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Մորիսոնը, դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

Բուխարեստից ոչ հեռու զինվորականները 8 օրում հիմնել են դաշտային հոսպիտալ

Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում է Բուխարեստից ոչ հեռու: Նպատակը կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն ցուցաբերող պետական բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:

Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով երկիր եկած քաղաքացիներին

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն: Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով