Քրեական գործ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով |hetq.am|

hetq.am: Այս տարվա փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ է հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 

Պարզվում է` Արթուր Բեգլարյանի հեռացումը և քրեական գործի հարուցումը սերտորեն փոխկապակցված են, և դրանց  նախորդել են լուրջ գործընթացներ։

Արթուր Բեգլարյանն այդ պաշտոնում աշխատում էր 2017 թվականից։ 2019թ․ օգոստոսին Վիգեն Ավետիսյանի հանձնարարագրի հիման վրա ղեկավարել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումները։ 2019թ․ հոկտեմբերի 9-ի ստուգման ակտով արձանագրվել է ապօրինի հատված 257 ծառ և դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառված առանձնապես խոշոր՝ 28 մլն դրամի չափով վնաս։ Այդ մասին զեկուցել են նաև Վիգեն Ավետիսյանին, որպեսզի վերջինս ստուգման նյութերը հանձնի իրավապահ մարմիններին։

Սակայն 2020թ․ հունվարի 21-ին Արթուր Բեգլարյանը տեղեկացել է, որ այդ նյութերն այդպես էլ չեն հանձնվել իրավապահ մարմիններին։

«Ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի կոճղերն արդեն գտնվում են ձյան տակ, և նշված անգործության արդյունքում առկա է ստուգմամբ հայտնաբերված խախտումների հետքերի և այդ խախտումները հիմնավորող ապացույցների կորստի մեծ ռիսկ»,-նշում է Արթուր Բեգլարյանը։

Հունվարի 30-ին Արթուր Բեգլարյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նամակ է գրել՝ պատմելով այս դեպքի մասին։ Բացի սրանից, ևս մեկ պատմության մասին է տեղեկացրել դատախազին։ Մասնավորապես, 2019թ․ նոյեմբերին Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը Տեսչական  մարմնի ղեկավարին գրությամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, դեռևս 2019թ․ հունիսի 3-ին, որոշում է կայացվել «Հայանտառ» ՊՈԱԿի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Շամլուղի անտառպետության թիվ 3 պահաբաժնի տարածքում մասնագիտական ստուգում նշանակել, իսկ կայացված որոշումը կատարման համար ուղարկվել է Տեսչական մարմին, սակայն մինչ օրս եզրակացությունը չի ստացվել։ 2019թ․ օգոստոսի 19-ին վարույթն իրականացնող քննիչn ուղարկած գրությամբ խնդրել է տեղեկատվություն տրամադրել նշանակված մասնագիտական ստուգման արդյունքների վերաբերյալ, որի կապացկությամբ նույնպես որևէ պատասխան չի ստացվել։

Մասնագիտական ստուգմամբ առաջադրված հարցերը վերաբերել են 20 ծառ ուսումնասիրելուն, ինչը Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից չի կատարվել շուրջ 5 ամսվա ընթացքում, որի հետևանքով ձգձգվել են նախաքննության օրենքով սահմանված ժամկետները։

«Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է հանձնարարել սեղմ ժամկետում կատարել որոշման պահանջները, իսկ արդյուքնները տրամադրել վարույթն իրականացոնղ մարմնին»,- գրել է Լոռու մարզի դատախազը։

«Առաջարկել եմ իրականացնել ստուգումը, սակայն Տեսչական մարմնի ղեկավարի կողմից դրա կատարումն անհասկանալի պատճառներով խոչընդոտվել է»,- նշել է Արթուր Բեգլարյանը։ -Առնվազն երկու դրվագով Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, գործելով ՀՀ և տեսչական մարմնի օրինական շահերին հակառակ, ցուցաբերել է անգործություն, ինչի արդյունքում վնաս է պատճառվել ՀՀ պետական շահերին»,- դատախազին գրել է Արթուր Բեգլարյանը։

Գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․ Չախոյանը փետրվարի 3-ին Երևան քաղաքի և Լոռու մարզի դատախազներին գրություն է ուղարկել՝ Վիգեն Ավետիսյանի կողմից ՔԿ Լոռու մարզաին քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումը չկատարելու, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրած ստուգմամբ բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերն իրավապահ մարմիններին չտրամադրելու, Հայաստանի Հանրապետության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շահերին հակառակ գործելու և ցուցաբերված  անգործություն հետևանքով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ դիմումում նշված հանգամանքները ստուգելու համար։

Փետրվարի 28-ին ՀԿԳ քննիչ Է․ Հովհաննիսյանը քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել, ինչպես նշեցինք, երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով