armenpress.am: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:
«Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը:
«Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: