tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Էստոնիայի և Դոմինիկյան Հանրապետության նախաձեռնությամբ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ շտապ նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
«Թուրքական ուժերը միտումնավոր էին թիրախավորվել, նրանք միայնակ էին այդ շրջանում, այլ ուժեր այնտեղ չկային: Նույնիսկ թիրախավորվել էին շտապօգնության մեքենաները, որոնք ուղևորվում էին օգնելու վիրավոր զինծառայողներին»,-ասել է Թուրքիայի ներկայացուցիչը` հավելելով, որ այս հարձակումը տեղի ունեցավ այն օրը, երբ Ռուսաստանի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ:
«Բոլորը պետք է հասկանան, որ մեր զինվորները զոհել են իրենց կյանքը, որպեսզի փրկեն Իդլիբի խաղաղ բնակիչների կյանքը: Ռեժիմն ու նրա կողմնակիցները ցանկանում են Թուրքիային ներքաշել կեղտոտ պատերազմի մեջ: Թուրքիան պատերազմ չի ցանկանում, սակայն կարող է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել և անկասկած կպատասխանի ցանկացած սադրանքի»,- հավելել է նա:
Սինիրլիօղլուն ընդգծել է նաև, որ Թուրքիան «առավելագույն զսպվածություն է ցուցաբերում, որպեսզի խուսափի ռազմական հակամարտությունից»:
«Սա պայքար է բարու և չարի միջև, և միջազգային հանրության անունից Թուրքիայի ձեռնարկած քայլերն ուղղված են միլիոնավոր քաղաքացիական անձանց, հիմնականում կանանց և երեխաներին պաշտպանելուն: Դուք բոլորդ շնորհակալ եք մեզ մեր ջանքերի համար, բայց մենք ձեզ երախտապարտ չենք, քանի որ դուք չեք կիսում այս պատասխանատվությունը: Ժամանակն է, որ խորհուրդը քայլեր ձեռնարկի կանգնեցնելու ռեժիմի ռազմական հանցագործություններն ու անխոհեմ վարքը, որը սպառնում է համաշխարհային անվտանգությանը»,-ասել է Սինիրլիօղլուն:
Շարունակությունը՝ tert․am-ում։