ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական նիստի ընթացքում երեկ քննարկեցինք «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերը»:
Հանդիպմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա օրենսդրական բացերի մասին: Քննարկեցինք
- երեխայի խնամքի ինստիտուտի բարելավման հարցերը,
- դայակի ինստիտուտի կայացման կարևորությունը,
- երեխայի խնամք-աշխատանք համատեղմանը վերաբերող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը,
- գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց տրամադրվող նպաստների տարբերակված մոտեցումները,
- նպաստների տրամադրման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մեղմման մեխանիզմները և այլն:
Հանդիպումը նախաձեռնվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ»: