tert.am: Իրանի մի շարք շրջաններում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, փակվել են ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ բոլորը Կում նահանգում: Իշխանությունների այս որոշումը կոչված է թույլ չտալու հիվանդության տարածումը:
Կում նահանգի իշխանությունները, որտեղ արձանագրվել են վիրուսով վարակման առաջին և ամենամեծ թվով դեպքերը, որոշել են, որ բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն երկու օրով՝ կիրակի և երկուշաբթի:
Մեկ շաբաթով դասընթացները հետաձգելու որոշում է կայացվել Մարքազի կենտրոնական նահանգում, որտեղ գտնվում է Արաք քաղաքը, որտեղ նույնպես տարածվում է կորոնավիրուսը:
Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է նաև Գիլյան քաղաքում մինչև չորեքշաբթի դպրոցների փակման մասին: Երկու օրով ուսումնական հաստատությունները փակվել են նաև Գոլեսթան նահանգում:
Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում մինչև փետրվարի 28-ը նախատեսված մշակութային միջոցառումների չեղարկման մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ, որոնցից հինգը մահացել են: