tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Հողի հարկի» մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որ առաջարկվում է հողը օտարելուց առաջ պարտադիր կատարվեն հողի հարկի վճարումները:
«Օրենքով, եթե այն չի կատարվել, փոխանցվում է սեփականատիրոջը և սեփականության իրավունքի փոխանցումից հետո նոր պարզվում է, որ փոխանցվել են հարկերը»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը բացառելուն է ուղղված այս օրենսդրական նախաձեռնությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորեց, որ նոտարում գործարք անելու օրվանից է սկսվում հարկերը հաշվարկվել նոր սեփականատիրոջ վրա:
Նա հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կադաստրի կողմից օրինական է պահանջել զրոյական տեղեկանք: «Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, առավելևս 2021 թվականից նոր Հարկային օրենսգրքի դրույթը մտնելու է ուժի մեջ: Երբ Կադաստրը պարտադրում է, որ բերեք զրոյական տեղեկանք, օրինակա՞ն է այդ պահանջը, թե ստեղծագործում է այդ պահանջը»,-ասաց նա:
Արտաշես Պետրոսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովն է որոշելու Կադաստրի պահանջը օրինական է, թե ոչ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևորեց օրենքը, սակայն նկատեց, որ մի շարք հարցեր բաց են մնում, օրինակ՝ ժառանգության, նվիրատվության դեպքերում, ինչո՞ւ պետք է նվիրողը վճարի հարկերը:
«Եթե մահվան հետևանքով ժառանգություն է ստացել, ո՞վ պետք վճարի պարտքը, այս խնդիրները չեն կարգավորվում: Կառավարությունն ինչո՞ւ է այս հատվածական օրենքն ընդունում, կրկնակի աշխատանք անելու խնդիր է առաջանում: Եթե ընդդիմությունը ներկայացներ նման նախագիծ, կասեիք, որ Կառավարությունը լիարժեք նախագիծ ունի, հետ տարեք: Կարծում եմ, որ սա արդյունավետ ճանապարհ չէ»,- ասաց նա և նշեց, որ ամբողջական կարգավորվող օրենքի նախագիծը հունվարի 1-ից ունենալու ենք:
Ավելին՝ tert.am-ում