tert.am։ Այս տարի Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով՝ շուրջ 72 հազար հրդեհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներին հղումով:
Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 83 տոկոսով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել:
Հրդեհներից մեկի ծուխը մեկ ժամով ծածկել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքը, որը գտնվում է անտառից ավելի քան 2700 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հաղորդվում է, որ հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: