tert.am։ Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարական տա այն հայտարարությունից հետո, որի համաձայն երկիրը բանակ չունի:
Հակառակ դեպքում պատգամավորներն իմպիչմենթի գործընթաց կսկսեն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն:
«Մենք պահանջում ենք, որ Զուրաբիշվիլին հրաժարական տա: Հակառակ դեպքում «Միասնական ազգային շարժումը» որպես խորհրդարանական կուսակցություն խորհրդակցություններ կսկսի մյուս խմբակցությունների հետ և խորհրդարանի անկախ պատգամավորների հետ, որպեսզի Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնից իմպիչմենթի միջոցով տապալելու գործընթաց սկսի»,- ասել է Բարամիձեն:
Զուրաբիշվիլին երեքշաբթի վրաց լեզվի և մշակույթի պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը չունի և չի ունենա զենք և բանակ, ինչպես նաև զարգացած տնտեսություն, որպեսզի թեկուզ մեկ շրջան գրավի: