Վրաստանում մեծամասնական պատգամավորները սպառնում են լքել իշխող կուսակցությունը. Կախա Կալաձե |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, իշխող կուսակցության մեծամասնական որոշ պատգամավորների կողմից սպառնալիքներ կան, որ եթե խորհրդարանը չանցնի լիարժեք մեծամասնական ընտրակարգի, կլքեն կուսակցությունը:

Կալաձեի խոսքով, մեծամասնական որոշ պատգամավորները այդ հարցում լուրջ են տրամադրված:

«Սպառնալիք եղել է, սակայն կսպասենք իրադարձությունների զարգացմանը: Իշխող թիմը հանդիպումներ, խորհրդատվություններ է անցկացնում: Այս պահին իշխանությունը սահմանադրական փոփոխություն իրականացնելու ռեսուրս չունի»,- ասել է Կալաձեն:

Կալաձեն ավելացրել է, որ մեծամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ իշխող թիմում կարծիքները կիսվել են:

«Կան մարդիկ, ովքեր կողմ են միայն մեծամասնական ընտրակարգին, մեծ մասը դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ կողմնակից գործող տարբերակին: 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն խառը՝ մեծամասնական ու համամասնական ընտրակարգով, իսկ 2024-ին խորհրդարանն ամբողջովին կանցնի համամասնական ընտրակարգի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, հունիսի 20-ի իրադարձություններից հետո իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը, խոստացել էր համամասնական ընտրակարգի անցնել արդեն 2020 թվականից: Շուրջ 3 ամիս ընթացող քննարկումներից հետո խորհրդարանը, սակայն, տապալեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ինչից հետո ցույցեր վերսկսեցին, ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվեց՝ ընդդեմ իշխանության:

Ընդդիմությունն այս պահին պահանջում է համամասնական ընտրությունների անցկացում 2020 թվականից, սակայն հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը դեմ է պահանջին, առաջարկում է նաև քննարկել գերմանական մոդելը: Ի դեպ, վերջերս կայացած ներկուսակցական հանդիպմանը իշխող ուժը քննարկել էր նաև ամերիկյան մոդելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով