tert.am։ Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է պիկետներ և ցույցեր անցկացնել, իսկ հաջորդ մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման մասին կհայտարարի այս շաբաթվա վերջին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Ընդդիմության առաջնորդները ցույցերի շարունակության մասին հայտարարությունն արել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում անցկացված խորհրդատվություններից հետո:
«Խաղաղ, ոչ բռնի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մենք շարունակելու ենք պիկետներ անցկացնել խորհրդարանի առաջ: Մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման օրը կհայտարարվի շաբաթվա վերջին: Ուրբաթ տեղի կունենա օրինագծի ներկայացում, որով մենք առաջարկում ենք դուրս գալ փակուղուց»,-հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Ընդդիմադիր գործիչը նշել է նաև, որ մինչև մեծամասշտաբ բողոքի ակցիան, մյուս պիկետներն ու ցույցերը ինքնըստինքյան կկազմակերպվեն, իսկ խոշոր բողոքի ակցիայի օրը կախված կլինի խորհրդարանական շաբաթվա արդյունքներից: