Ես՝ որպես պետնախարար, բանակցություններին չեմ մասնակցում․ Ռուբեն Վարդանյանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Արբեջանի հետ բանակցությունների մասին

Ես՝ որպես պետնախարար, բանակցություններին չեմ մասնակցում, բանակցությունների մասին տեղեկություն չունեմ։ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված բանակցություններ ընթանո՞ւմ են Ադրբեջանի հետ։ 

«Մենք վստահ ենք, որ այս իրավիճակը չի կարող ընդունվել որպես նորմալ ոչ Հայաստանի կողմից, ոչ սփյուռքի կողմից, ոչ միջազգային կազմակերպությունների կողմից, ոչ ուրիշ երկրներից։ Մենք վստահ ենք, որ ուշադրության մակարդակը այս ճգնաժամի նկատմամբ ինչքան կարելի է պետք է բարձրացնել, որովհետև այս իրավիճակը իսկապես անընդունելի է։ Ամեն ինչ անում ենք, որ ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում այս իրավիճակի շուրջ որքան հնարավոր է ճշգրիտ ինֆորմացիա տրամադրվի մարդկանց, որոնք որոշումներ են կայացնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումները լինեն ինչքան հնարավոր է արագ»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով