Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով մոտ 115 միլիոն դրամ տրամադրեց՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցության և սննդի ծախսերը ապահովելու համար։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով և վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։
Նախագծով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանին հատկացնել մոտ 18 միլիոն դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 96 միլիոն դրամ սուբվենցիա՝ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով: